TEMPUS

Education and Culture

Առաջնաէջ    Հետադարձ կապ    Անգլերեն   

ՈՒսումնասիրելով և վերլուծելով ՀՀ անշարժ գույքի շուկան և շուկայի զարգացման տեմպերը` ԵրՃՇՊՀ ղեկավարությունը պարզորոշ կերպով պատկերացրեց նոր մագիստրոսական ծրագրի ներդրման հրատապությունն ու անհրաժեշտությունը ՀՀ անշարժ գույքի ոլորտում մասնագետների պատրաստման համար: Մասնավորապես, անշարժ գույքի շուկայի մասնակիցների մասնագիտական ունակությունների մակարդակի բարձրացման, որոշումների կայացման որակի բարձրացման միջոցով կաջակցի ՀՀ-ում շուկայական տնտեսության կայացմանը: Որոշելով ծրագրի ռազմավարական նպատակները` կոնսորցիումի անդամները որոշեցին ձեռնարկել ուսումնական պլանի մշակման երկամյա ծրագիր: Ծրագրի նպատակն է մշակել ՙԱնշարժ գույքի էկոնոմիկայի և կառավարման՚ նոր մագիստրոսական ծրագիր:

Ծրագիրը կներդրվի ԵրՃՇՊՀ ՙԷկոնոմիկայի, իրավունքի և կառավարման՚ ամբիոնում և կավարտվի 2009թ. սեպտեմբերին: Նպատակն է մշակել դասավանդվող նոր առարկաների ամբողջություն, համապատասխան ուսումնական նյութերը, ինչպես նաև կիրառել IT դասավանդման ժամանակակից մեթոդոլոգիաները: Նոր մագիստրոսական ծրագիրը նախատեսում է երկամյա ուսուցում (բակալավրի աստիճանից հետո)` վերջում ՙԱնշարժ գույքի էկոնոմիկայի և կառավարման՚ մագիստրոսի աստիճանի շնորհմամբ: Դրա հետ մեկտեղ ծրագրի նպատակն է մշակել արագացված դասընթացներ քաղ. ծառայողների և այն մասնագետների համար, որոնք աշխատում են համապատասխան ոլորտում և որոնք կարիք են զգում բարձրացնելու իրենց մասնագիտական ունակությունների մակարդակը անշարժ գույքի էկոնոմիկայի ոլորտում: Այսպիսով, ծրագրի հիմնական նպատակային խմբերն են ԵրՃՇՊՀ դասախոսական անձնակազմը, էկոնոմիկայի իրավունքի և կառավարման, ինչպես նաև համապատասխանաբար այլ ամբիոնների ուսանողները (ինչպես մագիստրատուրայի, այնպես էլ բակալավրիատի):

Բոլոր այն մասնագետները, ովքեր պրակտիկայում զբաղվում են անշարժ գույքի խնդիրներով, ևս կարող են դիտարկվել որպես ծրագրի նպատակային խումբ: Երկամյա մագիստրոսական ծրագրում կրթություն ստացողների տարեկան թվաքանակը 30 ուսանող է, մինչդեռ արագացված դասընթացներին մասնակցողների թիվը, յուրաքանչյուր դասընթացի համար կազմում է նախնական 15 մասնակից:

Ծրագրի վերջում ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • ԵրՃՇՊՀ-ում կներդրվի «Անշարժ գույքի էկոնոմիկա և կառավարում» մագիստրոսական ծրագրի նոր ուսումնական պլան` եվրոպական ստանդարտներին համապատասխան;
  • Կմշակվեն նոր առարկաներ, կպատրաստվեն և կտպագրվեն դրանց համապատասխան ուսումնական ձեռնարկներ և նյութեր;
  • ԵրՃՇՊՀ-ում կհիմնվի անշարժ գույքի ուսուցման կենտրոն;
  • Կներդրվեն նոր IT դասավանդման մեթոդոլոգիաներ;
  • Կիրականացվեն ԵրՃՇՊՀ դասավանդող անձնակազմի վերապատրաստում և ուսանողների ուսուցում;
  • Կմշակվեն վերապատրաստման արագացված դասընթացներ քաղ. ծառայողների և անշարժ գույքի ոլորտի այլ մասնագետների համար:

Ծրագիրը կսկսվի նոր մագիստրոսական ծրագրի մշակման համար ԵրՃՇՊՀ կարիքների վերլուծությամբ: Այս վերլուծությունը կիրականացվի կոնսորցիումի բոլոր անդամների կողմից և կներկայացվի ԵրՃՇՊՀ-ում կազմակերպվելիք առաջին մեկնարկային հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում կձևավորվի ծրագրի կառավարման խումբ: Կոնսորցիումի բոլոր անդամները կներգրավվեն ծրագրի նպատակների, պլանավորված արդյունքների, գործողությունների, ինչպես նաև յուրաքանչյուր գործընկերոջ դերի հստակեցման վերաբերյալ քննարկումներին:

Բացի այդ, նոր առարկաների մշակումը կիրականացվի ԵրՃՇՊՀ համապատասխան դասախոսների կողմից Տեխնոլոգիաների Թագավորական Ինստիտուտի (ՏԹԻ) և Լոնդոնի Արևելյան Համալսարանի (ԼԱՀ) գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում:

Ծրագրի ընթացքում կմշակվեն հետևյալ 12 առարկաները` իրենց նախնական կրեդիտներով, որոնք կընդգրկվեն 3 հիմնական մոդուլներում:

Տնտեսագիտական մոդուլ.

  • Էկոնոմիկս: Դասընթացն ապահովում է շուկայական տնտեսության վերաբերյալ գիտելիքներ, այսինքն` տալիս է գիտելիքների այն հիմնարար պաշարը, որն անհրաժեշտ է տնտեսական քաղաքականությունը և նրա դերը հասկանալու համար: Դասընթացը բաղկացած է երկու մասից. Մակրոէկոնոմիկա, որը ներառում է ՀՆԱ-ի հաշվարկը, տնտեսական աճը, զբաղվածությունն ու գործազրկությունը, արժեզրկումը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները: Միկրոէկոնոմիկա, որի հիմնական շեշտադրումը պետք է լինի շուկաների գործունեության ուսումնասիրումը, տնտեսական շրջանաձև հոսքի մոդելը, սպառման տեսությունը, արտադրության տեսությունը և շուկայի հավասարակշռվածությունը կատարյալ մրցակցային և մենաշնորհային շուկաներում, հիմնական բարեկեցության տեսությունը:
  • Շինարարության և անշարժ գույքի էկոնոմիկա և կառավարում:Դասընթացը կտրամադրի հիմնավոր գիտելիքներ անշարժ գույքի էկոնոմիկայից, այսինքն` կտա գիտելիքների անշարժ գույքի շուկայի դերի և անշարժ գույքի կառավարման վերաբերյալ` շուկայի վերլուծության և նոր արտադրանքի ստեղծման գործընթացի ենթատեքստում: Դասընթացից հետո ուսանողներն ընդունակ կլինեն.
    - հասկանալու ինստիտուցիոնալ կառույցների և անշարժ գույքի շուկայի գործունեության միջև եղած կապը,
    - հասկանալ և բացատրել անշարժ գույքի բնութագրական յուրահատկությունների ազդեցությունը,
    - բացատրել հայաստանյան և միջազգային բնակարանաշինական քաղաքականության հիմնադրույթները,
    - հասկանալ, թե ինչպես է կառուցվում անշարժ գույքի հարկման համակարգը,
    - բացատրել կապիտալի շուկայի հիմնադրույթները,
    - իրականացնել հիմնական տնտեսական հաշվարկներ` շինարարության գործընթացի տարբեր փուլերում,
    - հասկանալ և իրականացնել տարբեր տիպի շինությունների կյանքի ցիկլերի հիմնական հաշվարկները:
  • Անշարժ գույքի շուկայի վերլուծություն: Այս դասընթացը կիրառական դասընթաց է` հիմնված բնակարանաշինական և անշարժ գույքի շուկաների ուսումնասիրության միջազգային փորձի և, հատկապես, ԱՄՆ և Եվրոպական փորձի վրա: Այս դասընթացն ուսանողներին կպատրաստի աշխատելու խորհրդատվական ընկերությունների, ինստիտուցիոնալ ներդրողների և շինարարական ընկերությունների հետ: Հետևյալ թեմաները կուսումնասիրվեն ավելի մանրամասն. մակրոտնտեսական հավասարակշռության որոշիչ գործոնները, շուկայական միջավայրը, արդյունավետության վերլուծությունը, անշարժ գույքի պահանջարկը, մրցակցային առաջարկը, շին. հրապարակի տեղադրությունը, կառուցապատողը (դեվելոպերը) և նրա դերը տնաշինական արդյունաբերության ոլորտում, շահույթի վերլուծությունը, GIS (Աշխարհագրական Ինֆորմացիոն Համակարգի) վերլուծությունը, համապատասխան տվյալների բազաները, նախագծերը
  • Ներդրումային վերլուծություն:Այս դասընթացը ներառում է արժեքի տեսության հիմնադրույթները: Հատուկ ուշադրություն կդարձվի ներդրումային վերլուծության մեթոդների վրա, զուտ ընթացիկ արժեքի վրա, վերադարձի ներքին գործակցի վրա, անվանական (նոմինալ) և իրական (ռեալ) դիսկոնտավորման գործակիցների վրա, կանխիկի հոսքի մոդելի կառուցման վրա:
  • Անշարժ գույքի գնահատում և հարկում: Դասընթացը կտա հիմնական գիտելիքներ արժեքի և գնահատման տեսությունների, նաև պրակտիկայի վերաբերյալ, որոնք կիրառվում են Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև գիտելիքներ բնակելի, առևտրային և արդյունաբերական անշարժ գույքի գնահատման վերաբերյալ: Բացի այդ կդիտարկվեն նաև գյուղատնտեսական անշարժ գույքի, հյուրանոցների, անտառների և սահմանափակ գույքային իրավունքների գնահատման հարցերը, հաշվի առնելով միջազգային պրակտիկայում գոյություն ունեցող նորմերը: Կդիտարկվեն նաև անշարժ գույքի տարբեր տեսակների վրա հարկային օրենսդրության կիրառման հարցերը:

Իրավաբանական մոդուլ.

  • Համեմատական իրավունք:Դասընթացն ուսանողներին կտրամադրի գիտելիքներ իրավական համակարգի և իրավական գործունեության վերաբերյալ, որի նպատակն է դասավանդման ամբողջ ընթացքում ուսանողներին տրամադրել հիմնավոր իրավական գիտելիքներ: Կրթությունը չի վերաբերի միայն իրավական մեկ համակարգի ուսումնասիրությանը: Դասընթացից հետո ուսանողները կունենան բավարար գիտելիքներ իրավական խնդիրների վերլուծության և լուծումներ գտնելու առումով: Դասընթացը կունենա չորս հիմնական ուղղություն. Իրավունքի տեսություն, ԵՎրոպական կոնվենցիոն իրավունք, Իրավական համակարգեր (ներառյալ ԵՎրոպական օրենսդրությունը), Հանրային իրավունք (համայնքային մակարդակով), Մասնավոր իրավունք (պայմանագրեր և այլն):
  • Անշարժ գույքի հետ կապված օրենսդրություն (Քաղաքացիական օրենսգիրք, Հողային օրենսգիրք, Քաղաքաշինության մասին օրենք, Շրջակա միջավայրի, Անշարժ գույքի գրանցման, բնակարանաշինության հետ կապված օրենսդրություն և այլն): Դասընթացը կտրամադրի իրավական այնպիսի գիտելիքներ, որոնք կապված են հողերի կառավարման, բնակարանաշինության և շրջակա միջավայրի հետ. մասնավորապես, անշարժ գույքի հետ կապված գործարքները, հողօգտագործումը, սեփականատերերից գույքի պետության կողմից պարտադիր ձեռք բերումը, սեփականության իրավունքից զրկումը և այլն:Դասընթացը անշարժ գույքի կադաստրը և գույքի գրանցումը դիտարկում է որպես գործիք` անշարժ գույքի շուկան տեսանելի դարձնելու համար:

Տեխնիկական մոդուլ.

  • Կիրառական գեոդեզիա և քարտեզագրում: Դասընթացի նպատակն է ուսանողներին տալ տեսական և պրակտիկ գիտելիքներ գեոդեզիայի և քարտեզագրման ոլորտի, ինչպես նաև այդ բնագավառում օգտագործվող չափագրական գործիքների վերաբերյալ: Ավելի մանրամասն կուսումնասիրվեն չափագրական գործիքների աշխատանքի սկզբունքները, չափագրումների իրականացման մեխանիզմները, չափումների մոնիտորինգը, բարձրության նիշերի որոշման մեթոդները, կոորդինատների վերաբերյալ ինֆորմացիայի հավաքագրման ձևերն ու դրանց ժամանակակից Աշխարհագրական Ինֆորմացիոն Համակարգում (GIS) կիրառելու հարցերը:
    Դասընթացից հետո ուսանողը կկարողանա.
    - հասկանալ գեոդեզիական գործիքների աշխատանքի սկզբունքները և կիրառել դրանք պրակտիկայում,
    - հասկանալ, թե ինչպես են տեղական և տարածաշրջանային գեոդեզիական համակարգերը կառուցվում,
    - հասկանալ, թե ինչպես են տվյալները մշակվում քարտեզներ ստեղծելու և GIS կառուցելու համար:
  • Հողի և անշարժ գույքի ինֆորմացիոն համակարգեր (LIS):Դասընթացն ուղղված կլինի գույք գրանցող մարմնի գործունեության ուսումնասիրմանը (լայն իմաստով): ՈՒսանողները գիտելիքներ կստանան գույքի գրանցման կարևորության մասին, ինչպես նաև LIS-ի մասին: Կկարևորվի նաև պաշտոնական ինֆորմացիայի նկատմամբ հանրության մուտք ունենալու հարցը: ՈՒսանողները կստանան նաև գիտելիքներ, որոնք վերաբերում են ինֆորմացիայի թարմացման և անվտանգության հարցերին, երբ աշխատում ենք LIS-ի հետ: ՈՒսանողները տեղեկատվություն կստանան նաև միջազգային փորձի վերաբերյալ, կկարողանան նաև համեմատություններ անել: Դասընթացը հակիրճ ձևով կներկայացնի նաև GIS համակարգերը:
  • Քաղաքային հողերի պլանավորում:Դասընթացը կտա գիտելիքներ հողային ռեսուրսների օգտագործման և կառավարման վերաբերյալ: Դասընթացն ուղղված կլինի սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի հետ կապվաված հարցերի քննարկմանը, որի նպատակը քաղաքային հողերի զարգացումն է: Այն կօգնի հասկանալ շուկայի կապը տնտեսական զարգացման և ներդրումնեի հետ, ֆինանսական միջավայրի հետ, հողային և բնակարանաշինական քաղաքականության հետ, իրավական կառուցվածքի և զարգացման գործընթացների հետ: Այն կընդգրկի ֆիզիկական նախագծերի իրականացման հարցերը, որոնք նախատեսում են պաշտոնական նախագծի որոշումը, մասնակցության գործընթացները, իրականացման ծրագրերը, ենթակառուցվածքների կարգավորումները, ծախսերի հաշվարկները, հողակտորների բաժանումը և պարտադիր ձեռք բերումը:
  • Գույքի ձևավորման տեխնիկան:Դասընթացի նպատակն է գիտելիքներ տրամադրել հետևյալ հարցերի շուրջ. թե ինչպես են գույքը բաժանում, ինչպես է այն փոփոխվում: Ուսանողները, դասընթացից հետո, անշարժ գույքի ձևավորման ընթացքում առաջացող բարդ իրավիճակներում լուծումներ գտնելու ունակություններ կունենան: Նախադեպերի և նախապատրաստական աշխատանքների ուսումնասիրումը, ինչպես նաև այս ոլորտում տարբեր օրենքների ուսումնասիորւմը համարվում է դասընթացի կարևորագույն մասը: Դասընթացի նպատակն է նաև տալ գիտելիքներ, թե ինչպես են հողօգտագործման հետ շախկապված տարբեր քաղաքականություններ արտացոլվում անշարժ գույքի ձևավորման կանոնակարգերում և ինչպես են այդ կանոնակարգերը կոորդինացվում հողօգտագործման հետ կապված այլ օրենքների հետ:
  • Բանակցութունների վարման և հաղորդակցման տեխնիկան:Այս դասընթացի կարևորագույն նպատակն է ուսանողներին տալ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են արդյունավետ գործարար բանակցություններիի վարման և հաղորդակցման համար:

Նոր մագիստրոսական ծրագրի ուսման տևողությունը 3 սեմեստր է (1.5 տարի) և ևս 1 սեմեստր (0.5 տարի) նախատեսվում է մագիստրոսական թեզի պատրաստման և ներկայացման համար, որի համար նախատեսվում է 30 կրեդիտ:

Նոր դասընթացների արդյունավետությունը ստուգելու համար նախատեսվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում մեկ տարին կլինի դասընթացների իրականացման փորձաշրջան: Դա նշանակում է, որ որոշ առարկաներ (առավելագույնը 6 հատ) կմեկնարկեն ծրագրի երկրորդ տարվա ընթացքում, իսկ մնացածը` ծրագրի ավարտից հետո: Դասընթացների վերաբերյալ ուսանողների կարծիքները կհավաքվեն և կվերլուծվեն, որպեսզի բարձրացվի դրանց որակն ու արդյունավետությունը և թարմացվի դրանց բովանդակությունները: Արագացված վերապատրաստման դասընթացները ևս կվերլուծվեն, քանի որ նախատեսվում է, որ դրանք նույնպես կմեկնարկեն ծրագրի իրականացման երկրորդ տարվա ընթացքում: Եվրոմիության գործընկերների ակադեմիական անձնակազմի աջակցությամբ ԵրՃՇՊՀ անձնակազմի կողմից դասընթացների համար կմշակվեն համապատասխան դասախոսություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ:

Ծրագրի հաջորդ կարևորագույն մասը ԵրՃՇՊՀ-ում անշարժ գույքի ուսուցման կենտրոնի հիմնումն է, որը պետք է ձեռնարկի ԵրՃՇՊՀ-ն` համաձայն ՀՀ գործող օրենքների: Այն հագեցած կլինի համակարգիչներով և սեմինարների ընթացքում յուրաքանչյուր ուսանող կունենա իր առանձին աշխատանքային տեղը: Կենտրոնն ինտենսիվ կերպով կօգտագործվի և դասավանդման, և ուսումնառության համար, որտեղ կկիրառվեն դասավանդման նոր մեթոդոլոգիաները: Սարքավորումները կներառվեն ԵրՃՇՊՀ գույքային ցանկում, և կտեղադրվեն համալսարանի կողմից այդ նպատակով հատկացված տարածքներում: Տարածքները կպատրատվաեն և կկահավորվեն ԵրՃՇՊՀ ֆոնդերի հաշվին: Մի շարք տնտեսական և իրավական տեղեկատվական համակարգեր (որոնք անընդհատ թարմացվում են), համապատասխան դասագրքեր և պարբերականներ (ինչպես ազգային, այնպես էլ միջազգային) ևս ձեռք կբերվեն: Բացի այդ պլանավորվում է, որ կենտրոնի բոլոր համակարգիչները կունենան մշտական ինտերնետ կապ:

Ծրագրի կոնսորցիումը նախատեսում է ունենալ web-կայք, որպես շատ կարևոր մի գործիք ծրագրի վերաբերյալ ինֆորմացիա տեղադրելու և կոնսորցիումի անդամների հաղորդակցման համար: Իսկ դա նշանակում է, որ կայքը պետք է գործի ծրագրի մեկնարկից հետո շատ կարճ ժամկետներում և պարունակի բոլոր այն տեղեկատվությունը, ինչը առկա է տվյալ օրվա դրությամբ: Դասընթացների էլեկտրոնային տարբերակները կտեղադրվեն web-կայքում, որքան հնարավոր է շուտ: Բացի այդ web-կայքը որակապես կաճի ու կհասունանա կենտրոնի հետ միաժամանակ: Այս մոտեցումը կօգնի տարածել տեղեկատվությունը և այն հասանելի դարձնել նպատակային խմբերի համար: Web-կայքում կներկայացվեն ծրագրի զարգացմանը վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև կենտրոնի գործունեությունը: Սպասվում է, որ այս կենտրոնը կգործի որպես ծրագրի իրականացման ընթացքում ձեռք բերված լավագույն արդյունքների տարածման աղբյուր հայաստանյան այլ համալսարանների համար, որոնք ուսուցանում են հարակից մասնագիտություններ: Դրա հետ մեկտեղ ենթադրվում է, որ կենտրոնը կօգտագործվի ոչ միայն ԵրՃՇՊՀ ուսանողների և դասախոսների, այլ նաև քաղ. ծառայողների և մասնավոր հատվածի կողմից, որոնք կմասնակցեն վերապատրաստման արագացված դասընթացներին: Բացի այդ, այն քաղաքացիները, որոնք փնտրում են անշարժ գույքի վերաբերյալ ցանկացած ինֆորմացիա, ևս կարող են դիարկվել որպես կենտրոնից օգտվողներ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է, որ մեկ ուսանող Հայաստանից կմեկնի Եվրոմիություն սովորելու: Նախատեսում է, որ մեկ դասախոս կամ ասպիրանտուրայի ուսանող կմասնակցի հողերի կառավարման միջազգային մագիստրոսական ծրագրին ՏԹԻ-ում (Ստոկհոլմ): Նպատակը ԵրՃՇՊՀ դասախոսական նոր անձնակազմի պատրաստումը, աջակցությունը երիտասարդ դասախոսների կրթությանն ու վերապատրաստմանը` նրանց մեկ այլ կրթական միջավայր ներկայացնելու միջոցով: ՈՒսանողի ընտրության գործընթացը կիրականացվի ՏԹԻ անձնակազմի կողմից Հայաստանում ծրագրի մեկնարկային հանդիպման ընթացքում: ՈՒսանողի ընտրության գործընթացը կներառի անգլերեն լեզվի քերականության տեստի հանձնում և մասնագիտական թարգմանության իրականացում անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն տարբերակներով:

Ծրագիրը նախատեսում է նաև կիրառել IT դասավանդման նոր մեթոդոլոգիաներ, որի համար ԵրՃՇՊՀ դասախոսների համար մեթոդոլոգիական սեմինար կկազմակերպվի ՏԹԻ-ում: Մեկ շաբաթվա ընթացքում դասախոսները կտիրապետեն ՏԹԻ IT դասավանդման փորձին` դրանք ապագայում Հայաստանում կիրառելու նպատակով: Դրա հետ մեկտեղ ԵրՃՇՊՀ դասախոսական անձնակազմի համար նախատեսվում է IT դասընթացների անցկացում, որի ավարտից հետո դասախոսներն ընդունակ կլինեն կիրառել IT դասավանդման մեթոդոլոգիաները:

Դասախոսների վերապատրաստումը կկազմակերպվի տարբեր ձևերով, այսինքն` կոնսորցիումի անդամ Եվրոմիության երկրներ ուսումնական այցերի միջոցով կբարձրացվեն դասախոսների մասնագիտական ունակությունները, ինչպես նաև անգլերեն լեզվի դասընթացների միջոցով կաբարձրացվեն դասախոսների արտասահմանյան կոլեգաների հետ հաղորդակցման ունակությունները: Այսպիսով, պլանավորվում են երկու ուսումնական այցեր ԵրՃՇՊՀ անձնակազմի կողմից կոնսորցիումի յուրաքանչյուր անդամ երկիր` երկշաբաթյա ժամկետով: ՈՒսումնական այցերի համար դասախոսների ընտրությունը կհիմնվի նրանց տարբեր առարկաներում մասնագիտացման վրա: Այդ ուսումնական այցերը դեպի Եվրոմիության համալսարաններ ունեն փորձի փոխանակման, դասավանդման նոր մեթոդոլոգիաների ուսումնասիրման, նոր գաղափարների ձեռք բերման նպատակներ:

Նոր մագիստրոսական ծրագրի կայացման համար ծրագրի իրականացման յուրաքանչյուր տարվա (2008, 2009) փետրվարից մայիս ամիսների ընթացքում նախատեսվում է ՀՀ-ում գովազդային ակցիա կազմակերպել, կտպագրվեն բրոշյուրներ, կլինեն գովազդային հայտարարություններ ինչպես մամուլում, այնպես էլ հեռուստատեսությամբ:

Ծրագրի եզրափակիչ միջոցառումը Երևանում ամփոփիչ կոնֆերանսի անցկացումն է, որտեղ կքննարկվեն ծրագրի արդյունքները, առկա ձեռքբերումները և որտեղ կնշվեն բոլոր այն նոր մոտեցումները, որոնք անհրաժեշտ են համալսարաններիև գործարար ու հանրային սեկտորների արդյունավետ համագործակցության համար: Կոնֆերանսին կհրավիրվեն Աշխատանքային խմբի և եվրոպական գործընկերների ներկայացուցիչները, ինչպես նաև հայաստանյան անշարժ գույքի շուկայի և այլ համալսարանների դասախոսական անձնակազմերը, կրթության և գիտության նախարարության և ՀՀ ԱԳ կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչները և իշխանության այլ ներկայացուցիչներ:

Կոնսորցիումի բոլոր անդամների և կոնֆերանսի մասնակիցների ներդրումները կհավաքվեն և կհրապարակվեն որպես կոնֆերանսի արդյունքներ:
Երևան
Լոնդոն
Ստոկհոլմ